Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Դարույնք կամ Նոր Բայազետ

Դարույնք կամ  Նոր Բայազետ
30.07.2013 | 11:18

Ընթերցողի հետ կիսվել ինձ ստիպեց նախկին երևանցի, այժմ բաքվեցի, Երևանում ծնված, մեծացած, հայի հացով սնված, թրքավարի դաստիարակված, ժամանակին Հայկական ԽՍՀ լուսավորության փոխնախարարի պաշտոնին հասած Սուրեն Ալիի Շարիֆովը: Այս ուրացող հացկատակը, որ, ինչպես նշեցինք, բավականին լուրջ կրթություն, արդյունքում` պաշտոն է ստացել Հայաստանում, հայտնի դեպքերի պատճառով իր ուզած գնով վաճառել է Երևանի կենտրոնի իր շքեղ բնակարանը, Բաքու մեկնել: Տեսնելով, որ կեղծելն ու հնարելը Ադրբեջանում եկամտաբեր բիզնես է, լծվել է հայր և որդի Ալիևների հակահայկական սայլին ու վարպետորեն կեղծում է պատմությունը` հընթացս ձևավորելով իր «դպրոցն» ու կադրերին: Սրանք պետության առաջին դեմքերի պատվերով ու շռայլ ֆինանսավորմամբ պատմություն են մոգոնում այն մասին, որ հնուց անտի եղել է ադրբեջանցի ժողովուրդ, ապրել է աշխարհի լուրջ գիտնականների կողմից «Հայկական լեռնաշխարհ» անվանված, թուրքերի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հորջորջվող տարածքում, իսկ «զավթիչ» հայերը, չգիտես որտեղից հայտնվելով, խլել են իրենց հողերը, ոչնչացրել «տեղաբնակներին»: Միանգամայն հասկանալի կերպով սրանք մեր այն տեղանուններն են հոլովում, որոնց ժամանակին օտարների կողմից, կամ էլ մեր «ինտերնացիոնալիստ» ղեկավարների ձեռամբ, ինչու չէ, նաև Մոսկվայի պաշտոնյաներին կաշառելու շնորհիվ, տրվել են թրքահունչ անվանումներ: Մեր պատմաբանները, աշխարհի սթափ մտածող բազմաթիվ գիտնականներ, իհարկե, սրանք ցնդաբանություններ են համարում և չեն էլ պատասխանում: Բայց, արի ու տես, որ գիտությունից հեռու կանգնած աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդիկ լուրջ են ընդունում, թե Էջմիածինն ու Գառնին «ադրբեջանցիների նախնի» աղվանցիների մշակույթի հուշարձաններ են, Սևանա լիճը դարեր շարունակ սնել է շրջակայքում ապրող ու հարուստ մշակույթ ստեղծած թուրքերին, իսկ Հայաստանի առաջին Հանրապետության մայրաքաղաք Երևանը, կամ, ըստ կրտսեր Ալիևի նախագահական կայքի` Իրևանը, 1918 թվականի մայիսին ադրբեջանցիներն են մեծահոգաբար հայերին նվիրաբերել, նորակազմ հանրապետության համար մայրաքաղաք դարձնելու: Այո, այո, սրանք նախկինում Կովկասի թաթարներ կոչվող, 20-րդ դարասկզբին «Ադրբեջան» անվանված երկրի նախագահ Իլհամ Հեյդարօղլու խոսքերն են: Ասվածը առավել հավաստի դարձնելու համար նրանք, օգտագործելով հայկական տեղանուններին ժամանակին տրված անվանումները, պնդում են, որ թրքահունչ անուններն արդեն լիուլի բավարար են այդ բնակավայրերն ու տեղանունները ադրբեջանական համարելու: Այն, որ տեղանունը լուրջ փաստարկ, ստրատեգիական նշանակության հիմնավորում է, չեմ վիճարկում: Հենց Ալիևի հանձնարարությամբ ու միլիոնավոր դոլարների ֆինանսավորմամբ այդ «փաստը» դրոշակ դարձրած, մեկը մյուսի հետևից տասնյակ միլիոնավոր տպաքանակներով ու աշխարհի գրեթե բոլոր լեզուներով լույս են տեսնում շքեղաշուք գրքեր ու ալբոմներ, նկարահանվում են ֆիլմեր ու պատրաստվում խտասկավառակներ` անվճար տրամադրելով աշխարհի գրադարաններին ու գիտական կենտրոններին: Իսկ մենք ճշմարտությունը բացահայտելու փորձ էլ չենք անում: Նրանց գործունեության նշանաբանն է` հարյուրը չհավատա, տասը, հաստատ, կհավատա: Մանավանդ որ մեր գիտնականների պատասխանը լռությունն է` կամ «հիմարին պատասխանելու լավագույն ձևը լռությունն է» կարգախոսին հետամուտ, կամ էլ գրքեր հրատարակելու համար փող չունենալու պատճառաբանությամբ:
Այո, տեղանունը կարևոր նախապայման է, մանավանդ վիճելի տարածքները ում պատկանելու հարցում: Պատահական չէ, որ վերոհիշյալ Շարիֆովը, ՀԽՍՀ Նոր Բայազետի շրջանի Լճափ գյուղում ծնված-մեծացած, ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղարի, Հայաստանում երբեմնի լույս ընծայվող, ՀԿԿ պաշտոնաթերթ «Սովետ Էրմանիստանի» թերթի գլխավոր խմբագրի բարձր պաշտոններին հասած, այսօր` բաքվեցի Հաբիբ Ռահիմօղլին և մյուս կեղծարարներն իրենց «ուսումնասիրություններում» հիմնական շեշտը դնում են տեղանվան վրա, իսկ այդ իմաստով մեր պապերն ու խորհրդային կարգերի ինտերնացիոնալիզմի, ազգերի եղբայրության ոգով սնված ու դաստիարակված հայրերը հարևանների հիվանդ երևակայության տարածվելու ու ստերի համար իբրև հաստատում առատ նյութ, ուզած թե չուզած, տվել են: Դե, ռուսների համար էլ ինչ տարբերություն, այդ բնակավայրերն ինչ անվանում են կրում և ում են պատկանում: Մերոնց անտարբերությանն էլ թուրքերը պատասխանում էին համապատասխան «մաղարիչներով» իրենց թրքահունչ անունները Մոսկվայում հաստատել տալով... Զավեշտ է, որ նույնիսկ այսօր, անկախ մեր երկրում, դեռևս հանդիպում են օտարահունչ տեղանուններ, այն էլ այն դեպքում, որ դրանք կանոնակարգելու հատուկ կառավարական մարմին է գործում։
Մի փոքր այլ պատմություն է իմ նախնիների բնակավայր, ինձ հոգեհարազատ ու անունների «ձեռքում» տառապող Նոր Բայազետի անվան պատմությունը:
1830 թվականին, երբ բնօրրանը կորցրած և մազապուրծ Արևելյան Հայաստան հասած հազարավոր բայազետցիներ հաստատվեցին Սևանա լճի ափին, առանց երկմտելու իրենց նոր բնակատեղին անվանեցին Նոր Բայազետ: Այս տեղանունը տարբեր աղավաղումներով պահպանվեց մինչև 1958 թվականը, երբ կոմունիստները Լենինի զինակից, թիֆլիսահայ Կամո Տեր-Պետրոսյանի անունը հավերժացնելու համար որոշեցին գեթ մեկ անգամ այս կողմերում ոտք չդրած Կամոյի անունը տալ ավանդույթներով հարուստ քաղաքին: Որոշման նախագծի դեմ ընդվզեցին ծագումով բայազետցի թե տեղացի և թե երևանաբնակ մտավորականները` պնդելով, որ իրենց բնակավայրերի անունները պետք է որոշեն այնտեղ ապրող մարդիկ` գոնե տեղային հանրաքվեի միջոցով: Հիշում եմ, հայրս` վաստակավոր մանկավարժ Ռուբեն Աբրահամյանը, խորհրդակցելով մեր հարևանությամբ բնակվող ընկերների` նշանավոր գրող Խաչիկ Դաշտենցի ու կուսակցական պատասխանատու աշխատող, ծագումով բայազետցի Ռուբեն Ազգալդյանի հետ, մի ծավալուն հոդված գրեց այդ առիթով` վկայակոչելով հայտնի լեզվաբանների` «Բայազետ» բառը որպես հայերեն «պայազատ» բառի աղավաղում ստուգաբանությունը, առաջարկելով 2 տարբերակ. ա¤ հեծանիվ հնարելու փոխարեն չվախենալ «Բայազետ» բնիկ հայկական բառից, թողնել նույնը, քանզի պատմական աղբյուրների վկայությամբ քաղաքը Բայազետ է կոչվել դեռ Բայազիդ 1-ինի թագավորությունից շատ առաջ և կապ չունի նրա անվան հետ: Բայազետը Պայազատի բարբառային ձևերից մեկն է, առաջացել է այն բանից հետո, երբ Աշոտ Բագրատունին 8-րդ դարում Կոգովիտն իր Դարույնք կենտրոնով նվիրեց կրտսեր զարմիկներին` պայազատներին: Չմոռանանք, որ Դարույնքը զուգահեռաբար կոչվել է Պայազատ: բ¤ Վերականգնել տարածքի պատմական Դարոյնք կամ Դարույնք բարեհունչ հայկական անվանումը:
Հայրս կոմունիստ չէր, և այն տարիներին տիրող չգրված օրենքների համաձայն, նրա, կարծում եմ, լրջագույն առաջարկը չընդունվեց, հոդվածն էլ, բնականաբար, երկրի թիվ մեկ` «Սովետական Հայաստան» թերթը չտպագրեց: 1959 թվականին քաղաքին դաջվեց Կամոյի անունը, որն այդպես էլ չկպավ հնագույն այս բնակավայրին: Համենայն դեպս, դժվար գտնվի որևէ բայազետցի, որ ծանոթանալիս ասեր` ես կամոյեցի եմ:
Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո, երբ առողջ տրամաբանությամբ հրաժարվում էինք պարտադրված գաղափարախոսությունից, արձաններից ու անուններից, հերթը հասավ նաև Նոր Բայազետին: Ցավոք, ինչպես ասում են` մրից ելանք, ընկանք մրջուրը: 1995-ի նոյեմբերին քաղաքին տրվեց Գավառ անունը, որն ընդամենը տարածքային միավորի անուն է` ինչպես հանրապետություն, մարզ, նահանգ, շրջան, օկրուգ, գյուղ, աուլ և այլն, նաև գավառ:
1850-ին ցարական կառավարության հրովարտակով Նոր Բայազետին տրվել էր քաղաքի կարգավիճակ, և այն դարձավ Երևանի նահանգի Նոր Բայազետի ընդարձակ գավառի վարչական կենտրոն: Հենց այդ տարածքային ստորաբաժանման «գավառ» անվանումն էլ դարձավ քաղաքի անուն: Ցավոք, իրեն հարգող ոչ մեկը ներկայանալիս չի ասի` ես գավառցի կամ գավառացի եմ:
Ի դեպ, «Գավառ» և «Քյավառ» արտահայտչաձևերը, ըստ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի, կապ չունեն իրար հետ, անկախ բառեր են, քանի որ Բայազետի բարբառում գա-ով սկսվող բառերը չեն հնչյունափոխվում և քյա- չեն դառնում: «Քյավառը», ըստ Կատվալյանի, մոտակա սարերում առատորեն աճող «քյավառ» անունը կրող կոճղազգի բույսի անունն է:
Ինչ վերաբերում է «Դարույնք»-ին, ապա այս անվանումը բնակավայրը պահպանել է մինչև 14-րդ դարը` փոխարինվելով Բայազետ անվանումով: 16-19-րդ դդ. Բայազետը եղել է Արևմտյան Հայաստանի ռազմապատմական իրադարձությունների, մասնավորապես ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների կիզակետում:
Եվ այսպես` կրկին Նոր Բայազե՞տ, Գավա՞ռ, թե՞ Դարույնք: Սրանցից առաջինի ու երկրորդի մասին արդեն ասացինք: Երրորդը` Դարույնքը, վերաբերում է ոչ թե բնակավայրին, այլ նրա բնակիչներին: Բայազետի բնակիչները հնագույն դարույնքցիների շառավիղներն են: Արևմտյան Հայաստանից գաղթելով Արևելյան Հայաստան, նրանք այդ պատմական գեղեցկագույն անունը իրենց հետ չբերեցին այն պարզ պատճառով, որ գտնվելով թուրքական ատելի լծի տակ, ամենայն հավանականությամբ չգիտեին էլ իրենց նախկին բնակավայրի պատմական ճշգրիտ անունը, դարեր շարունակ նրանց համոզել էին, որ «Բայազետ»-ը Բայազիդի աղավաղված ձևն է, իսկ նոր տեղում էլ ռուսական իշխանությունների համար միևնույնն էր, թե ինչ անուն է կրելու բնակավայրը:
Այսօր Հայաստանում կան մեծ թվով բնակավայրեր, որոնց անվանումները թուրքական յաթաղանից մազապուրծ հայ գաղթականներն իրենց հետ բերել են Արևմտյան Հայաստանից: Մեր կորուսյալ Հայրենիքը հիշեցնող այդ անվանումները լոկ պարզ անուններ չեն: Դրանց մեջ, պատմական հիշողությունից, կարոտից բացի, կա պատմություն, կա կորցրածը հետ բերելու ցանկություն-կտակ-հանձնարարություն ապագա սերունդներին:
Գավառը վերանվանելով Դարույնք` քյավառցիներին կվերադարձնենք իրենց պատմական ճշմարիտ անվանումը` դարույնքցիներ: Քաղաքին էլ տալով իր պատմական անունը, սերունդների մեջ միշտ վառ կպահենք այն հիշողությունը, որ իրենց նախկին փոքր հայրենիքը` Դարույնքը (այժմ` Դողուբայազետ) սպասում է իրենց` իր իսկական տերերին:
Համոզված եմ, շատ բայազետցիներ, մանավանդ տարեց, կպնդեն, որ ճիշտը, համենայն դեպս, Նոր Բայազետ անվանման վերականգնումն է: Չեմ վիճարկում, դա էլ է ընդունելի: ՈՒրեմն, Դարույնք կամ Նոր Բայազետ, բայց ոչ երբեք` «Գավառ» ծաղրանունը:
Մեր օրերում, երբ վերջապես իրավացիորեն բարձրաձայնվում է մեր` պահանջատեր լինելու հայրենիքի համար և դրա հիմնավորումները միջազգային կազմակերպությունների ու աշխարհի իրավական մարմինների սեղաններին համարձակորեն դնելու փոքր-ինչ ուշացած, բայց արդարացի հարցը, ժամանակն է, որ մենք տեր կանգնենք ոչ միայն մեր պատմական տարածքներին, այլև նրանց վերադարձնենք իրենց իսկական անունները: Եվ եթե այսօր ինչ-ինչ պատճառներով դեռևս հնարավոր չէ կորցրածը նյութական ձևով հետ բերել, գոնե պահենք հիշողությունը, մինչև, ինչպես ասում են, յառաջն Աստված:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5210

Մեկնաբանություններ